2024 թվականը անցումային տարի դարձավ, հատկապես ինձ համար, երբ ստանձնեցի ՀԲԸՄ ութերորդ նախագահի պաշտոնը՝ հաջորդելով Պերճ Սեդրակյանին։ Նա իր 22 տարիների ուշագրավ նախագահությունը սկսեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունում տասնամյակների գործունեությունից հետո: Ինձ համար պատիվ է տարեվերջյան ուղերձով հանդես գալու ավանդույթը շարունակելը։
Անցյալ հոկտեմբերին կայացած ՀԲԸՄ 93-րդ Ընդհանուր ժողովը վերջին տարիների ամենաաշխույժ և իրադարձություններով լի ժողովներից էր: Ղեկավարության փոփոխությանն ընդառաջ անդրադարձանք ՀԲԸՄ-ի վերջին երկու տասնամյակների զարգացմանն ու նորարարություններին և մեր երախտագիտությունը հայտնեցինք ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Նրա նախագահության տարիները համընկան հայոց պատմության նորագույն շրջանի մի շարք առանցքային իրադարձությունների հետ։ Մասնավորապես, երիտասարդության զարգացման վրա նրա շեշտադրումն ամբողջ աշխարհում ընդլայնեց ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) ցանցը: Միայն այս տարի մեզ միացավ վեց նոր ԵԱ խումբ Ամմանից, Բուդապեշտից, Կորդոբայից, Դուբլինց, Մելբուռնից և Սիդնեյից:
Ստանձնելով ՀԲԸՄ նախագահի պաշտոնը՝ ակնկալում եմ սերտորեն աշխատել հինգ մայրցամաքներում գործող ՀԲԸՄ մասնաճյուղերի հետ: Անցնող տարում այցը դեպի Հարավային Ամերիկա խորապես հուզեց ինձ, երբ ականատես եղա Արգենտինայում, Բրազիլիայում և Ուրուգվայում տիրող ուժեղ հայկական մթնոլորտին: Մինչև հաջորդ տարի այս ժամանակահատվածը նպատակ ունեմ ավելի լայն պատկերացում կազմել աշխարհասփյուռ հայության և մեր բազմազան համայնքները միավորող կապերի մասին:
Այս տարի այլ առանցքային իրադարձություններ ևս տեղի ունեցան։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո ՀԲԸՄ-ն անմիջապես գործի անցավ և մեծածավալ մարդասիրական օգնություն տրամադրեց՝ տեղահանվածներին ապահովելով սննդով, հագուստով, կացարանով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ 2024 թվականին մեր առաջնահերթությունը դարձավ երկարաժամկետ օգնության տրամադրումը՝ անդրադառնալով ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ վերականգնմանը: Մենք ընդլայնեցինք ՀԲԸՄ «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը, որին նոր մասնագետներ միացան Արցախից և տրամադրեցինք անվճար հետազոտությունների հնարավորություններ և հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայություններ: ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի շրջանակներում արցախցի մայրերի և երեխաների համար հանգստյան օրերին կազմակերպեցինք նաև թերապևտիկ հավաքներ:
Բացի այդ, արցախահայությանն աշխատանքով ապահովելը և Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին նրանց ինտեգրվելը մեզ համար առանցքային դարձան: Վերսկսելով դեռևս Արցախում մեծ հաջողություն վայելած ՀԲԸՄ «Սովորի'ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագիրը, ընդլայնեցինք այն՝ ավելացնելով Հայաստանի խոստումնալից ոլորտներում վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև անգլերենը բարելավելու և աշխատանքի խորհրդատվություն ստանալու հնարավորություններ: Այս նախաձեռնությունները կարող են օգնել իրենց հողից արմատախիլ եղած այս համայնքին վերահաստատվել և վերականգնել ֆինանսական անկախությունը:
Ապագային ընդառաջ՝ ՀԲԸՄ-ն պատրաստ է դիմակայել այն համաշխարհային մարտահրավերներին, որոնք վերաձևավորելու են աշխարհը, հայ ազգը և մեր կազմակերպությունը։ Թեև ապագան անորոշ է, ես վստահ եմ, որ ՀԲԸՄ-ն կադապտացվի փոփոխություններին և կշարունակի զարգանալ՝ մեր նվիրատուների առատաձեռնության, մեր կամավորների խանդավառության և տեղի ղեկավարների և գործընկերների համագործակցության շնորհիվ: Ձեր բարի կամքի շարունակական դրսևորումն ու աջակցությունը կենսական են աշխարհասփյուռ հայության կյանքը բարելավելու համար իրականացվող համատեղ աշխատանքներում։
Գալիք տարում մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքին խաղաղություն և բարեկեցություն:
Սեմ Սիմոնյան
ՀԲԸՄ նախագահ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որն իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը: Այսօր ՀԲԸՄ-ն գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրների ավելի քան 70 քաղաքներում: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր՝ ՀԲԸՄ-ն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը: ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am կայքէջ: